Սաուդյան գահի փաստացի տեր, արքայազն Մուհամեդ բեն Սալմանը չի ընդունել ԲՐԻԿՍ գագաթաժողով այցելելու հրավերը, որը տեղի է ունենալու Կազանում հոկտեմբերի 22-24-ին։
Այն մասին, որ Կրեմլը ցանկանում է բեն Սալմանին տեսնել գագաթաժողովում, որն իշխանություններն անվանել են «ամենանշանակալի արտաքին քաղաքական իրադարձությունը» ռուսական պատմության մեջ, սեպտեմբերին հաղորդել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Բայց Էր Ռիադը պատասխանել է մերժմամբ։ «Սաուդյան Արաբիան կուղարկի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Ուշակովը՝ մեկնաբանելով անցած շաբաթ գագաթաժողովի նախապատրաստումը։ Թե ինչի հետ է կապված արքայազնի որոշումը՝ Ուշակովը չի նշել, ասելով, որ Ռուսաստանի «գործընկերների» վրա ճնշում են գործադրում արեւմտյան երկրները՝ սպառնալով հետեւանքներով, եթե գնան Կազան։
Պատժամիջոցներին չմիացած Սաուդյան Արաբիան պատերազմի սկսվելուց հետո Կրեմլի կարեւոր դաշնակիցն էր նավթի շուկայում։ Չնայած Ջո Բայդենի վարչակազմը 2022թ. աշնանը սաուդցիներին համոզեց ավելացնել արդյունահանումը, որպեսզի փոխարինի էմբարգոյի տակ հայտնված ռուսական բարելներին, բեն Սալմանը հավատարիմ մնաց Պուտինի հետ դաշինքին եւ, հակառակը, կրճատեց մատակարարումները օրական 2 մլն բարելով, գրել է The Moscow Times-ը։
Նպատակը գնանշումները մեկ բարելը 100 դոլարին մոտ պահելն էր։ Բայց երկու տարի անց Էր Ռիադի տրամադրությունները սկսել են փոխվել։ Թագավորությունն անհանգստացած է շուկայում իր բաժնի նվազմամբ եւ մտադիր է անցնել արդյունահանումն ավելացնելու քաղաքականության, անգամ եթե դրա համար ստիպված լինի երկար հանդուրժել ցածր գները, սեպտեմբերի վերջին պատմել են Financial Times-ի՝ իրավիճակին ծանոթ աղբյուրները։ Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալմանը հայտնել է, որ ՕՊԵԿ+ կարտելի որոշ երկրներ, մասնավորապես Ղազախստանը եւ Իրաքը, չեն կատարում իրենց քվոտաները, եւ սպառնացել է, որ բարելի գինը կիջեցնի 50 դոլարի։
Ռուսաստանի համար սա հնարավորներից վատագույն սցենարն է, նշել է Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցի գիտական աշխատակից Լյուկ Կուպերը. նավթի գնանշումների փլուզումը մինչեւ 2014-16թթ. մակարդակները էապես կդժվարացնի Պուտինի համար «նրա ռազմական մեքենայի ֆինանսավորումը»։ Ընթացիկ տարվա բյուջեում կառավարությունը նավթի համար նախատեսել է 70 դոլար եւ նույն գինը (69,7 դոլար) ակնկալում է եկող տարի։
Սաուդյան Արաբիան, ի տարբերություն Ռուսաստանի, կարող է ավելի հեշտ դիմանալ էժան նավթին, բացատրել է Կուպերը. հանքավայրերը Արաբական անապատում շատ ավելի մոտ են մակերեսին, քան սիբիրյան հանքերը հավերժական սառածության մեջ, ուստի սաուդյան բարելների ինքնարժեքը ավելի ցածր է։ Էր Ռիադը կարող է նաեւ ավելի հեշտ ավելացնել արտադրությունը եւ փոխհատուցել գնային կորուստներն ի հաշիվ ծավալների։
Թե ինչպես է դա տեղի ունենում՝ բեն Սալմանը ցուցադրել է Պուտինին 2020թ. , երբ Ռուսաստանը համավարակի թեժ պահին որոշեց հեռանալ ՕՊԵԿ+-ի գործարքից։ Սաուդյան Արաբիան արդյունահանումն ավելացրեց օրական մինչեւ 12 մլն բարել, հայտարարեց 30 տարվա մեջ ռեկորդային զեղչեր եւ նավթի գինն իջեցրեց 1990-ականների մակարդակին (Brent-ի մեկ բարելը՝ 10 դոլարից ցածր)։ Մի քանի ամիս անց Կրեմլը ստիպված էր անձնատուր լինել, վերադառնալ համաձայնագրին եւ, նոր պայմաններով, կրճատել արդյունահանումը բոլորից շատ։
«Ի տարբերություն սաուդականի՝ ռուսական նավթը էժան չէ արդյունահանման համար։ Ուստի (Ռուսաստանը) վատ է պատրաստված ցածր գների իրավիճակին,- նշել է Կուպերը։- Դա բացատրում է ռազմական թեժացման ռուսական տրամաբանությունը, որը պահանջում է արագ հաջողություններ մարտադաշտում, նախքան նավիթ գները կիջնեն»։
Այժմ Սաուդյան Արաբիան օրական 8,9 մլն նավթ է արդյունահանում, եւ դա նվազագույնն է 2011-ից։ Դեկտեմբերից թագավորությունը կսկսի շուկա հասցնել ամեն ամիս օրական 83 հազար բարել եւ մինչեւ 2055թ. դեկտեմբերի վերջ մատակարարումնեը կավելացնի օրական 1 մլն բարելով։ FT-ի աղբյուրների խոսքով՝ արդյունահանման աճը կարող է տեղի ունենալ նաեւ ավելի արագ, եթե ՕՊԵԿ+-ի երկրները չպահեն քվոտաները։
news.am
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться