Սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում երիտասարդ ձեռներեցներից կազմված 10 թիմ ներկայացրին հավակնոտ ծրագրեր, որոնցից չորսը դարձան SIA մրցանակաբաշխության հաղթող

08 հոկտեմբերի 2024 | Լուրեր տնտեսվարողներից | Цитата

«Իմփաքթ Հաբ Երևան» կազմակերպությունում կայացավ SIA-ի (Social Impact Award) ամենամյա վեցերորդ մրցանակաբաշխությունը։  

Հաղթողներին տրամադրվող Սոցիալական ազդեցության մրցանակը տրվում է ամենախոստումնալից սկսնակ  ձեռնարկություններին՝ հնարավորություն տալով նրանց հիմնադիրներին ծանոթանալ բազմատեսակ շահագրգիռ կողմերի հետ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ Ինկուբացիայի մասնակիցները ինքնաբերաբար համարվում են Social Impact Award-ի պոտենցիալ մրցանակակիրներ: Մրցանակը կարող են շահել միայն այն մասնակիցները,  որոնք կանցնեն SIA-ի ինկուբացիոն փուլը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Իմփաքթ Հաբ Երևան» կազմակերպության գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը նշեց, որ սոցիալական ձեռներեցության զարգացումը Հայաստանի համար ունի շատ կարևոր նշանակություն և կարող է նպաստել մեր երկրի տնտեսության խթանմանը։  

«Հայաստանում այս ծրագիրն իրականացվում է արդեն վեցերորդ տարին, և այս տարիների ընթացում ունեցել ենք բավականին հաջողված ձեռներեցներ, որոնք ներկայացել են հետաքրքիր գաղափարներվ։ Նախ և առաջ նայում ենք սկսնակ ձեռնարկատերերի աչքերին և, եթե նկատում ենք այն կայծը, որն առաջանում է իրենց գաղափարը ներկայացնելուց, հավատում ենք, որ գաղափարը կյանքի կկոչվի։ Ծրագիրը կարևորում ենք նաև այն առումով, որ այն օգնում է սկսնակ ձեռնարկատերերին ոչ միայն ներկայանալ հետաքրքիր գաղափարներով, այլև օգնում է գաղափարների գրագետ մոդելավորման հարցում։ Հավատում ենք, որ այս երիտասարդներին փայլուն ապագա է սպասում, քանի որ նրանք չեն վախենում նորարար ու հավակնոտ գաղափարներից»,- ասաց Պողոսյանը։ [ԱԱ1] 

Նա շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկերներին՝ ԱրարատԲանկին ու IDBank-ին։ SIA-ի մասնակիցներին մրցանակ տրամադրելու հնարավորությունը նրանց շնորհիվ է։ Պողոսյանի խոսքով՝ կորպորատիվ համայնքի ներկայացուցիչների աջակցությունը կարևոր է այնքանով, որ մրցակցությունն ուղղորդվում է արդյունավետ համագործակցությամբ։ «Իմփաքթ Հաբ Երևան»-ը միշտ իր արժեքային համակարգով հանդես է գալիս համագործակցության և ուժի ռեսուրսների մեկտեղման օգտին, որովհետև բոլոր շահառուներն ի վերջո հետապնդում են նույն նպատակը։  

«Իմփաքթ Հաբ Երևան»-ում SIA ծրագրի համակարգող Նաիրի Մելքոմ Մելքոմյանն իր հերթին նշեց, որ ծրագիրը միտված է գաղափարների իրականացման վաղ փուլում ձեռնարկատերերին աջակցելուն, ուստի մրցանակաբաշխության կազմակերպիչներն ուշադրություն են դարձնում նախագծերի նորարարության, ազդեցության և իրականանալի լինելու վրա։ 

«Ներկայացվող նախագծերն անշուշտ կրում են սոցիալական բնույթ։ Այս տարի մրցանակաբաշխությանը ներկայացվեց 44 դիմում հայտ, որոնցից ժյուրին ընտրեց տասին։ Նրանք անցան ինկուբացիոն փուլը , որից հետո ևս մեկ անգամ ժյուրիին ներկայացրին իրենց լրամշակված նախագծերը։ Իսկ վերջում նրանցից երեքը դարձան ծրագրի հաղթող։ Զուգահեռաբար ստեղծվել է նաև Համայնքի մրցանակը՝ նպատակ ունենալով պարգևատրել երկրպագուների սիրելի ձեռնարկություններին: Եզրափակիչ փուլի տասը մասնակիցներից նա, ով ամենամյա համայնքային քվեարկության ընթացքում ներկայացնելով իր տեսահոլովակը՝ հավաքում է ամենաշատ քվեները, ստանում է չորրորդ մրցանակը»,- ասաց Մելքոմ Մելքոմյանը։

Նա տեղեկացրեց, որ ԱրարատԲանկը հաղթողներին հատկացնում է ֆինանսական աջակցություն՝ 1500 եվրոյին համարժեք դրամ յուրաքանչյուր թիմին։ Հաղթողները դառնում են նաև «Իմփաքթ Հաբ»-ի մեծ համայնքի անդամ և, եթե հետագայում մասնակցեն այլ ծրագրերի, ապա կարող են ավելի աճել ու զարգանալ։ Կազմակերպությունը նրանց միշտ քաջալերում է և ծանոթացնում իր գործունեությանը։ Համագործակցությունը շարունակական է։ Քանի որ SIA-ն միջազգային ծրագիր է և իրականացվում է 20 երկրներում, ապա հաղթողները նոյեմբերի վերջին Գերմանիայի Մանհայմ քաղաքում մասնակցելու են SIA-ի  գագաթնաժողովին, որտեղ հնարավորություն են ստանալու  նոր ու հեռանկարային կապեր հաստատել արտասահմանյան գործընկերների հետ։          

ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը նշեց, որ սոցիալական ձեռնարկատիրության շուրջ  «Իմփաքթ Հաբ Երևան»-ի և ԱրարատԲանկի միջև համագործակցությունն ունի արդեն երկու տարվա պատմություն։ 

«Այսօր բիզնեսների մեծ մասը կարևորվում է ոչ միայն վերցնելու, այլև տալու հատկությունը, որովհետև  գիտակցում են, որ գործելով տվյալ համայնքում՝ իրենք նաև պարտավոր են ստեղծել արժեք, այսինքն՝ լուծեն որևէ սոցիալական խնդիր։ Քանի որ ԱրարատԲանկը նաև հայտնի է իր տարաբնույթ սոցիալական ծրագրերով՝ թե՛ կրթական, թե՛ բնապահպանական, թե՛ առողջապահական ոլորտներում, և քանի որ SIA-ի մրցանակաբաշխությանը ներկայացված նախագծերում առկա է սոցիալական բաղադրիչը, այդ իսկ պատճառով մենք պատրաստակամորեն միացանք ծրագրին և արդեն երկրորդ տարին է, ինչ ֆինանսավորում ենք մրցանակային ֆոնդը, որը նաև սկսնակ բիզնեսներին հնարավորություն է տալիս լուծել իրենց ծրագրի որևէ բաղադրիչ, ինչն էլ իր հերթին զարգանալու և աճը ապահովելու հնարավորություն է տալիս․․․»,- ասաց Ալլահվերդյանը։

[ԱԱ2] Ալլահվերդյանի բնորոշմամբ՝ ծրագրերը գնալով կատարելագործվում են, ինչը նշանակում է, որ բիզնեսները շատ ավելի հետաքրքրված են սոցիալական բաղադրիչով, և ծրագիրն ունենում է ավելի մեծ տարածվածություն սկսնակների շրջանում։ Երիտասարդները կարողանում են օգտվել այս եզակի հնարավորությունից, որն իրենց տրամադրում է «Իմփաքթ Հաբ Երևան»-ը և դրանով իսկ փորձում են զարգացնել իրենց բիզնեսը։ 

«Հետագայում բիզնեսի կենսունակությունը կախված է հենց ծրագրի ներկայացուցիչներից, թե որքանով նրանք հմուտ կլինեն, որքանով նրանց հաշվարկները ճիշտ կլինեն և որքանով տվյալ բիզնեսը կծառայի իր նպատակին։ Ի դեպ, ԱրարատԲանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը որևէ ֆինանսական շահույթ չեն հետապնդում։ Ավելին, մենք դա չենք օգտագործում որպես տեղեկատվական առիթ՝ մեր մասին իրազեկվածությունը բարձրացնելու։ Նպատակն այլ է, ցանկանում ենք՝ ծրագրի հնչեղությունն այնպիսին լինի, որ դառնա հետաքրքիր և ներգրավի այլ բիզնեսների և դոնորների, ինչը հնարավորություն կտա ոչ միայն «Իմփաքթ Հաբ Երևան»-ի այս, այլև այլ ծրագրերին զարգանալ և շատ ավելի մեծ արժեք ստեղծել հասարակության համար։ Սոցիալական ծրագրերը մրցակցությունից դուրս են»,- ասաց Ալլահվերդյանը։

Մեր զրուցակիցն ուրախությամբ նշեց, որ տվյալ ծրագրին այս տարի միացել է իրենց շատ լավ գործընկեր IDBank-ը և իր ներդրմամբ ևս աջակցում է այս ծրագրին։ «Որքան շատ լինեն դոնորներն ու որքան մեծ լինի պատրաստակամությունը նրանց կողմից նմանատիպ ծրագրերին օժանդակելու, այնքան ավելի շատ հնարավորություն կլինի հենց Հայաստանի համար աճելու, զարգանալու և ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու մեր երիտասարդների համար»,- ասաց Ալլահվերդյանը։

SIA մրցանակաբաշխության ժյուրիի անդամ, ԱրարատԲանկի վաճառքի և բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանն էլ նշեց, որ 10 ձեռնարկությունների կողմից ներկայացվեցին բավականին հետաքրքիր նախագծեր, որոնցից մի քանիսն արդեն բավականին հասուն են, որոշներն էլ դեռ հում վիճակում են, սակայն ամենակարևորն այն է, որ նախաձեռնող խմբերը տարբեր մտքեր են գեներացնում, տարբեր ձգտումներ, ցանկություններ և հետագա կյանքի համար շատ կարևոր որակներ են ձեռք բերում, որոնք հետագայում իրենց կյանքի կամ կենսագործունեության ընթացքում կարողանալու են իրականացնել։  

«Անկախ ամեն ինչից՝ այս հարթակը հնարավորություն է ընձեռում, որ այդ մարդիկ ինքնադրսևորվեն և ձևավորեն ակտիվ միջավայր, ինչի արդյունքում մենք հետագայում հնարավորություն կունենանք հաջողված դեպքերի մասին տեղեկանալ և արձանագրել, որ այդ մարդիկ հասել են հաջողության՝ մեր հասարակական կյանքում ունենալով դրական ազդեցություն։ Մրցանակաբաշխության արդյունքների վերաբերյալ ժյուրիի բոլոր անդամներն ընդհանուր առմամբ համակարծիք էին, կային թեթևակի շեղումներ, բայց տարաձայնություններն էական չէին, այսինքն՝ հաղթողների հարցում հեշտությամբ եկանք ընդհանուր հայտարարի»,- ասաց Բաբաջանյանը։

Այսպիսով, մրցանակաբաշխության հաղթողներ դարձան՝ 

Տաթև Ավետիսյանը, ով ներկայացնում է ավտոմեքենաների թափոններին նոր կյանք տվող «Ռիթայր» սոցիալական ձեռնարկությունը, որը վերամշակում և վերստին օգտագործում է ավտոմեքենաների անպիտան մասերը՝ սարքելով կահույք և դեկորացիաներ։   

«Էլեքթրոդս» ծրագրի հեղինակները (Դավիթ Թամազյան, Լևոն Սահրադյան, Վիկտորյա Մամյան), ովքեր փորձում են ստեղծել նոր և մաքուր էներգիայի աղբյուր, որպեսզի Հայաստանում նվազեցնեն   աղտոտվածության աստիճանը։ Նրանց խոսքով՝ բեզիոէլեկտրիկ բյուրեղները մեխանիկական ճնշման տակ արտադրում են էներգիա, որոնք կարելի է տեղադրել կայանատեղիներում, որպեսզի մեքենաների անիվներից ճնշման տակ արտադրվի էներգիա, որը հնարավոր է օգտագործել թեկուզ ճանապարհները լուսավորելու կամ աղտոտավածությունը նվազեցնելու համար։

Մարիամ Մարտիրոսյանը, ով «Վանդեր Քիդ» ակադեմիայի հիմնադիր տնօրենն է, ներկայացնում է նաև «Աստղագիտությունը բոլորի համար ծրագիրը», որի միջոցով ցանկանում են ստեղծել աստղագիտական սենյակ-լաբորատորիա, որտեղ երեխաները կուսումնասիրեն աստղագիտությունը։ Այնտեղ լինելու են մասնագիտական սարք-սարքավորումներ, որոնց տիրապետելու դեպքում պատանիները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային աստղագիտական մրցույթներին։

Իսկ համայնքային քվեարկության հաղթող ճանաչվեց Անի Յուզբաշյանը, ով իր նախագծի միջոցով ցանկանում է հիմնել հիդրոպոնիկ ջերմատներ, որովհետև 44-օրյա պատերազմից հետո մոտ 5000 ֆերմերներ կորցրել են խոտհարքերի մեծ մասն ու կանգնել լուջ տնտեսական հարվածների առջև։ Այս նախագծով փորձ է արվելու լուծել խնդիրը, ինչը հնարավորություն կտա էժան անասնակերով սնել կենդանիներին։ Պրոդուկտի սննդային արժեքը մոտ 30 տոկոսով գերազանցում է ավանդական անասնակերի արժեքին և գյուղատնտեսներին կտա կայուն և արդյունավետ տնտեսություն ունենալու հնարավորություն։       

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն