Շրջանառության մեջ են դրվում ՀՀ ն​որ հուշադրամներ

25 մարտի 2024 | Հայտարարություններ | Цитата

2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառ​ության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները:

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (Սարգիս Փարաջանյանց, 1924–1990 թթ.)՝ հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.):
Ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է իրեն համաշխարհային ճանաչում բերած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964 թ.):
1969 թ. Հայֆիլմ կինոստուդիայում Փարաջանովը նկարահանում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմը, որը համարվում է կինոարվեստի գլուխգործոց։ Ֆիլմում նա իրագործում է նորարարական սեփական գաղափարները՝ բացահայտելով անտեսանելին ու ոգեղենը իր իսկ ստեղծած առարկաների, սիմվոլների և ծեսերի միջոցով: Ժամանակի իշխանությունները չեն ընդունում ռեժիսորի այս և այլ ֆիլմերում դրսևորվող մոտեցումները, արգելում են նկարահանումները և ազատազրկում նրան։ Սակայն Փարաջանովը չի դադարում գործել և իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղում է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և արվեստի այլ գործերի ստեղծմանը։
Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կրկին ստանալուց հետո ստեղծում է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) համաշխարհային ճանաչում ստացած ֆիլմը և 1987 թ. առաջին անգամ հրավիրվում է արտասահման` մասնակցելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ) կինոփառատոնին, որտեղ ֆիլմը ստանում է առաջին մրցանակը «Ամենանորարարական ֆիլմ» անվանակարգում։
Փարաջանովյան արվեստը այսօր էլ չի դադարում ոգևորել աշխարհի բազմաթիվ արվեստագետների և կինոգործիչների:
Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (1991 թ-ից), որտեղ պահվում են նրա հազարից ավելի աշխատանքները:

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):
Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Էսքիզների հեղինակներ՝ Հարություն Սամուելյան (դիմերես), Աննա Կուրղինյան (դարձերես):
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2024

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (Ղազարյան, 1924–1971 թթ.)՝ հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ:
1945 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (1948 թ.), 1963–1971 թթ. եղել է ինստիտուտի գիտաշխատող։ 1951–1956 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ 1957–1959 թթ. դասախոսել է գեղարվեստական թարգմանության ամբիոնում:
1966–1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը:
«Սայաթ-Նովա» մենագրության համար գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969 թ.):
Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ից։ «Անմահները հրամայում են» (1948 թ.)՝ նրա հեղինակած անդրանիկ գրքույկն է: Հետագայում գրված գործերից առանձնանում է «Նորից քեզ հետ» (1957 թ.) ժողովածուն, որում ի հայտ են գալիս բանաստեղծի ստեղծագործական նոր որակներ։
«Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոեմը (1967 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի) պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ մեկտեղված հայ ժողովրդի ճակատագրի հետ: Ժամանակակից մարդու բնույթն ու նրա ապրումները վերհանող խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ամփոփված են «Մարդը ափի մեջ» (1963 թ.) և «Եղիցի լույս» (1971 թ.) ժողովածուներում:
Սևակը կատարել է թարգմանություններ Ա. Միցկևիչի, Ա. Պուշկինի, Խ. Բոտևի, Մ. Լերմոնտովի, Յա. Կուպալայի, Յա. Ռայնիսի, Վ. Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Է. Մեժելայտիսի և այլոց գործերից:
Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ ՀՀ տարբեր բնակավայրերում, թաղամաս և փողոց՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում: Բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում 1981 թ-ից գործում է նրա տուն-թանգարանը:

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.):
Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը 10 000 դրամ
Մետաղը/հարգը ոսկի 9000
Քաշը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ
Որակը պրուֆ
Դրամաշուրթը ատամնավոր
Թողարկման քանակը 300 հատ
Թողարկման տարեթիվը 2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:
Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:
Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:
Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

______________________________________________________________
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
հեռ. (010) 592592-0702
էլ-փոստ. mcba@cba.am
www.cba.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության հայտերի ընդունումը• «Սևան» ՔԿՀ տարածքում նոր մասնաշենքի կառուցման շինաշխատանքների ձեռքբերման մրցույթ• ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ• Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ• Հայտարարություն հայկական կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ• Հայտարարություն հայկական կոնյակի սպիրտի օտարման վերաբերյալ• «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հավաքակայանը կհամալրվի նոր հատուկ տեխնիկայով• ԶՊՄԿ-ն հայտարարում է սեփական անձնակազմով շինարարական տեխնիկաների վարձակալության մրցույթ• Դասընթաց` Հարկային օրենսգրքի` ներառյալ վերջին փոփոխությունները, վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն