
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նիստի օրակարգի շրջանակում ծավալվել է քննարկում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնության շուրջ: Արդյունքում հարցը օրակարգից հանվել է՝ լրացուցիչ քննարկումների նպատակով:
Կառավարության որոշմամբ, սահմանվել է Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի:
Որոշման ընդունմամբ կապահովվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի պահանջը՝ մասնավորապես՝ կսահմանվի «Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը։
Վարչապետն այս թեմայի շրջանակում նշել է. «Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով որոշակի սահմանափակումներ են կիրառվում բռնություն կիրառած անձի նկատմամբ: Այսինքն՝ որոշակի դեպքերում և սահմանված կարգով, որոնցից մեկը, օրինակ, բռնության ենթարկված մարդուն կամ բռնության ենթարկվելու պոտենցիալ վտանգի տակ գտնվող մարդու նկատմամբ որոշակի հեռավորություն պահելն է, այսինքն՝ նրան մոտենալու կամ նրա բնակության վայրին մոտենալու որոշակի արգելքը և սահմանափակումը: Իհարկե, սա գործնականում կիրառել առանց տեխնիկական միջոցների՝ շատ դժվար է, և մենք, երբեմն, նման իրադրությունների ականատես ենք դառնում, երբ մեր իրավապահ մարմինները պատշաճ արագությամբ չեն արձագանքում:
Ուստի այս որոշումը կարևոր է նրանով, որ էլեկտրոնային եղանակով արդեն կարող ենք այդ հեռավորության ապահովումը ստուգել, և դա չապահովելու պարագայում արդեն Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Կարծում եմ՝ սա շատ կարևոր կարգավորում է: Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում էլեկտրոնային այս սարքերը սկսել ենք կիրառել տարբեր նպատակներով, հիմա նաև Պրոբացիայի ծառայության կողմից է կիրառվում: Նաև գիտեք, որ 2023 թվականից տնային կալանքը մտավ որպես խափանման միջոց»:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե ինչպիսին է պրակտիկան տնային կալանքի կիրառման դեպքում, ինչին ի պատասխան Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Այս տարվա հունվարի 1-ից սկսեց կիրառվել տնային կալանքը: Պրոբացիայի ծառայությունն արդեն ձեռք է բերել շուրջ 300 սարքավորում, և բավականին նորմալ աշխատում է»: Արդարադատության նախարարը հավելել է, որ հուլիսից արդեն սկսել է կիրառվել վարչական հսկողությունը: Կարևորելով այս հանգամանքը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս համակարգը պետք է լրջորեն զարգացնել: «Վերջերս նաև շատ բովանդակային քննարկում ենք ունեցել, կան առաջարկներ ընտանիքում բռնության կանխարգելման մասին օրենսդրության բարեփոխումների, լավարկումների վերաբերյալ: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,-հավելել է կառավարության ղեկավարը:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться