Կառավարությունն ընդունել է «Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» որոշում, որով Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան թիվ 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ) 651.6 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը տրամադրել վարձակալության մրցույթով՝ 10 տարի ժամկետով, օրենքով չարգելված գործունեություն իրականացնելու նպատակով:
Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:
Կառավարության որոշմամբ բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 426 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Կառավարության որոշմամբ «ՎՌ Արմենիան Ֆրութ» ՍՊԸ-ը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:
«Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի շրջանակում մրցութային հանձնաժողովի առանձնացրած 6 թիմին ուղիղ դրամաշնորհ հատկացնելու անհրաժեշտությամբ՝ գործադիրն ընդունել է որոշում:
Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով:
Կառավարության որոշմամբ 6 ամսով կերկարաձգվի արտահանման ժամանակավոր արգելքը՝ ՀՀ տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա:
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ: Ըստ այդմ՝ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 2024 թվականի հունիսի 1-ից 300 000 դրամի փոխարեն կդառնա 1 մլն դրամ:
Գործադիրը հաստատել է ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:
Գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:
Գործադիրը որոշում է կայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին:
Գործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով առաջարկվում է առավել ճկուն դարձնել գնման ընթացակարգերի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ հանրային հսկողության իրականացման պայմանները:
Գործադիրը սահմանել է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագրի տրամադրման կարգը: